ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին ասել է, որ կցանկանար մի օր Գվարդիոլայի պես կատալոնական ակումբի մարզիչ դառնալ։
«Բարսելոնայի» սան Գվարդիոլան խաղում էր «կապտանռնագույնների» թիմում 1990-2001 թվականներին։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո 43–ամյա մասնագետն աշխատել է «Բարսելոնայի» երկրորդ կազմի հետ, իսկ հետո գլխավորել է հիմնական թիմը` նվաճելով 14 մրցանակ, այդ թվում` Իսպանիայի չեմպիոնի երեք տիտղոս և երկու հաղթանակ Չեմպիոնների լիգայում։ 2013 թվականից Գվարդիոլան գլխավորում է Մյունխենի «Բավարիան»։
«Հույս ունեմ, որ կարող եմ անցնել Գվարդիոլայի ուղին, առավել ևս, որ այստեղ իմ տունն է,– Խավիի խոսքն է մեջբերում Ռոյթերս գործակալությունը` վկայակոչելով El Pais–ին։ Իմ` որպես խաղացողի օրերը հաշված են, դա հասկանալի է։ Զգում եմ, որ իմ մարմինն ավելի դժվար է վերականգնվում, և պետք է որոշեմ` որքան ուժ գործադրեմ։ Ես արդեն այն մարզավիճակում չեմ, որ խաղամ յուրաքանչյուր երեք օր կամ ավելի հաճախ»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Խավին, ով նույնպես «Բարսելոնայի» սան է, հանդես է գալիս կատալոնական թիմում 1997 թվականից։ Իր կարիերայի ընթացքում 34–ամյա կիսապաշտպանը յոթ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում և երեք անգամ` Չեմպիոնների լիգայում։ -0-