ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն կգլխավորի Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը՝ փոխարինելով Ալեխանդրո Սամբելիային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով El Mundo Deportivo հրատարակությանը:
Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆեդերիկո Ակոստան հայտարարել է, որ իր ֆեդերացիան ցանկացել է «Բարսելոնա» ակումբի նախկին մարզչին առաջարկել պարագվայական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն «նա արդեն համաձայնություն էր տվել AFA-ին և գլխավորելու է Արգենտինայի հավաքականը»:
Միաժամանակ Ակոստան նշել է, որ Մարտինոն չի ցանկանում զրուցել այս թեմայի շուրջ, քանի դեռ գործող մարզիչ Ալեխանդրո Սաբելյան վայր չի դրել իր լիազորությունները:
Արգենտինայի հավաքականը զիջեց Գերմանիայի հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց արգենտինացիների պարտությամբ 0:1 հաշվով:-0-