ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միայն Հայաստանին է հաջողվել լավացնել շախմատի դպրոցը. Անատոլի Կարպով

08.07.2014, 18:36
«Շախմատիստներ պատրաստելու  համակարգը, որը ԽՍՀՄ-ում գրեթե կատարյալ էր, լավացրել են միայն Հայաստանն ու Չինաստանը, որտեղ այսօրվա դրությամբ ձևավորվել են ամենաամուր շախմատային ֆեդերացիաները», - հայտարարել է գրոսմայստեր, ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռներեցության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անատոլի Կարպովը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միայն Հայաստանին է հաջողվել լավացնել շախմատի դպրոցը. Անատոլի Կարպով

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Շախմատիստներ պատրաստելու  համակարգը, որը ԽՍՀՄ-ում գրեթե կատարյալ էր, լավացրել են միայն Հայաստանն ու Չինաստանը, որտեղ այսօրվա դրությամբ ձևավորվել են ամենաամուր շախմատային ֆեդերացիաները», - հայտարարել է գրոսմայստեր, ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռներեցության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անատոլի Կարպովը:

«Մենք արդեն չենք տիրապետում խորհրդային շախմատի դպրոցի գաղտնիքներին, դրանց տիրապետում է ողջ աշխարհը: Իրար են խառնվել բազմաթիվ ստեղծագործական կոլեկտիվներ, պրոֆեսիոնալ մարզչական խմբեր, դրանք միջազգային են դարձել», - նշել է Կարպովը հուլիսի 20-ին նշվող Շախմատի միջազգային օրվան նվիրված «Շախմատի խաղատախտակի վրա ողջ աշխարհն է» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում:

Գրոսմայստերի կարծիքով՝ պրոֆեսիոնալ շախմատն այսօր երերուն վիճակում է, սակայն շախմատի դպրոցի զարգացումը կարող է լրացուցիչ ազդակ ստանալ դպրոցականների և ուսանողների կրթական գործընթացում շախմատային ծրագրերի ակտիվ ներդրման շնորհիվ: Ինտերնետը ևս նպաստում է ճգնաժամից շախմատի դուրս գալուն և դրա տարածմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 
«Շախմատը ստեղծված է ինտերնետի համար, իսկ ինտերնետը՝ շախմատի համար», - ավելացրել է Անատոլի Կարպովը: Տարվա ընթացքում ինտերնետում անցնում են միլիոնավոր շախմատային հանդիպումներ, միջազգային ինտերնետային մրցաշարերն իրար են կապում աշխարհի տարբեր անկյունները:

Գրոսմայստերը տեղեկացրել է, որ ԱՊՀ երկրների Շախմատի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան փորձում է կապ պահել ռուսաստանցի շախմատիստների և ԱՊՀ մյուս երկրների ու Վրաստանի շախմատիստների միջև:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը Վրաստանում հանդիպել է նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլու և Սերժ Սարգսյանի հետ: Երկու պետությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահը քննարկել է «Շախմատը դպրոցներում» նախագծի հեռանկարները:

Հայաստանը դպրոցական ծրագրում շախմատը ներառելու ոլորտի համաշխարհային առաջատարներից է: 2011-12 ուս. տարում հայկական բոլոր հանրակրթական դպրոցներում 2-4-րդ դասարանի աշակերտները սովորում են շախմատ` որպես առանձին առարկա: Վրաստանն իր հերթին հետաքրքրված է երկրի դպրոցներում շախմատ առարկայի ներդրման հարցում: -0-

Ավերյանովա Դարիա, «ՌԻԱ Նովոստի» – ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»