Իլյումժինովն Արոնյանին հաղթանակ է մաղթել հավակնորդների շախմատային մրցաշարում

03.03.2014, 16:36
ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին հաղթանակ է մաղթել Խանտի Մանսիյսկի հավակնորդների շախմատային մրցաշարում։
Իլյումժինովն Արոնյանին հաղթանակ է մաղթել հավակնորդների շախմատային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին հաղթանակ է մաղթել Խանտի Մանսիյսկի հավակնորդների շախմատային մրցաշարում։

Հավակնորդների մրցաշարը կանցկացվի մարտի 11–ից 31–ը։ Մրցաշարին կմասնակցեն ութ գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)։ Արոնյանը մրցաշարին մասնակցում է երրորդ անգամ։

«Փորձագետներն ասում են, որ հավակնորդների մրցաշարը շատ հետաքրքիր, մարտական է լինելու, և հաղթելու հնարավորություններ ունեն շատերը, բայց Լևոն Արոնյանը վարկանիշով աշխարհի երկրորդ գրոսմայստերն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից հետո։ Գտնվելով այստեղ` Հայաստանում, շախմատի համաշխարհային կենտրոնում, նրան լավ խաղ և հաղթանակ եմ մաղթում։ Շատ կարևոր է, որ նա չհուզվի, հոգեբանորեն տրամադրվի»,– ասել է  Իլյումժինովը լրագրողներին։

ՖԻԴԵ–ի ղեկավարը Հայաստան է ժամանել Եվրոպայի անհատական առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար։ -0-