Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար. Արթուր Աբրահամ

26.02.2014, 13:28
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է մարտի 1–ի վերադարձնել չեմպիոնական գոտին գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի հետ նախատեսված ռևանշ–մենամարտի ժամանակ, տեղեկացրել է բռնցքամարտիկը նախօրեին կայացած ասուլիսի ընթացքում։
Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է մարտի 1–ի վերադարձնել չեմպիոնական գոտին գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի հետ նախատեսված ռևանշ–մենամարտի ժամանակ, տեղեկացրել է բռնցքամարտիկը նախօրեին կայացած ասուլիսի ընթացքում։

«Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար և իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա դա է իմ թիվ մեկ նպատակը», – ասել է Աբրահամը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, մամուլի ասուլիսը տեղի է ունեցել երկու բռնցքամարտիկների, նրանց մենեջերների և մարզիչների մասնակցությամբ։

Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին նշել է, որ հաղթանակի է ձգտում և դրանով ցանկանում «կերտել» բռնցքամարտի պատմություն։

Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքում:

Աբրահամն ու Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այնուհետև Արթուր Աբրահամը ռևանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին և կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը և Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Դարձել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը` 2012 թ.–ի օգոստոսին չեմպիոնական գոտին նվաճելով Ռոբերտ Շտիգլիցից։ Տիտղոսը պաշտպանել է դեկտեմբերին ֆրանսիացի բռնցքամարտիկ Մեհդի Բուադլայի հետ մենամարտում։
2005-2009 թթ.-ին միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր է: Ճանաչվել է 2012 թ. Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկը «Boxsport» ամսագրի վարկածով։–0–