Արոնյանը Ցյուրիխի գերմրցաշարի 4–րդ տուրում տարած հաղթանակը նվիրել է Շառլ Ազնավուրին և նոր ռեկորդ է սահմանել Live վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ցյուրիխում անցկացվող շախմատի գերմրցաշարի 4–րդ տուրում տարած հաղթանակը նվիրել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով նախօրեին մրցաշարի պատվավոր հյուրն է եղել։
«Այսօրվա հաղթանակը նվիրում եմ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց և այցելեց ինձ Ցյուրիխում», – գրել է Արոնյանը Twitter–ում։
Արոնյանը հաղթել է Խիկարու Նակամուրային, հանդիպման առաջին քայլը կատարել է լեգենդար շանսոնյեն։
Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակով Արոնյանը նոր ռեկորդ է սահմանել Live վարկանիշում, այժմ նրա գործակիցը 2835.5 է։
Արոնյանը վաստակել է 6 միավոր, նրանից առաջ է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 7 միավոր։ Կառլսենը սպիտակ խաղաքարերով հանդիպման 47–րդ քայլի ժամանակ պարտության է մատնել իտալացի Ֆաբիանո Կարուանային։ Ինչպես Արոնյանը, Կառլսենը ևս գերազանցել է իր նախկին ռեկորդն ու այժմ 2882.6 գործակցով գլխավորում է համաշխարհային վարկանիշային աղյուսակը։
Այլ հանդիպումներում հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել իսրայելցի Բորիս Գելֆանդին։
Այսպիսով, Նակամուրան, Կարուանան ու Անանդը վաստակել են 3–ական միավոր, Գելֆանդը` 2 միավոր։
Երկուշաբթի տեղի կունենա մրցաշարի 5–րդ տուրը։–0–