Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հավաքականի հանդիպումն անկասկած անշլագ կլինի. Պերոնկո

24.01.2014, 14:36
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների` Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպումն անկասկած կանցնի լեփ–լեցուն տրիբունաներով, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի ղեկավարի տեղակալ Իվան Պերոնկոն, ով գլխավորում է երկրամասի ֆուտբոլային ֆեդերացիան։
Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հավաքականի հանդիպումն անկասկած անշլագ կլինի. Պերոնկո

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների` Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպումն անկասկած կանցնի լեփ–լեցուն տրիբունաներով, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի ղեկավարի տեղակալ Իվան Պերոնկոն, ով գլխավորում է երկրամասի ֆուտբոլային ֆեդերացիան։

Ուրբաթ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիները մարտի 5–ին Կրասնոդարում ընկերական հանդիպում կունենան Հայաստանի հավաքականի հետ։ Հանդիպումը տեղի կունենա «Կուբան» մարզադաշտում, հանդիպման ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։ 

«Կրասնոդարում ֆուտբոլ շատ են սիրում։ Եվրոպայի Լիգայում «Կուբանի» հանդիպումները ցույց են տվել, որ այստեղ նման խաղերի ժամանակ լեփ–լեցուն մարզադաշտ է լինում։ Նման բան եղավ նաև Ռուսաստանի և ԱՄՆ–ի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ, տոմսերը գրեթե սպառվել էին։ Հաշվի առնելով Հայաստանի մոտ լինելը` կարծում եմ, որ այս թիմի շատ երկրպագուներ կգան, բացի այդ Կրասնոդար քաղաքում և երկրամասում կա հայկական համայնք։ Համոզված եմ, որ այս հանդիպմանն անշլագ է լինելու», – ասել է Պերոնկոն հեռախոսով «Р-Спорт» գործակալությանը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Կրասնոդարում ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2013 թ.–ի վերջին։

«Դեռ Ամանորից առաջ ես զրույց եմ ունեցել ՌՖՄ  նախագահ Նիկոլայ Տոլստիխի հետ, և նա նմանատիպ ցանկություն է հայտնել։ Այնուհետև ամեն ինչ համաձայնեցվել է հավաքականի մարզչական շտաբի հետ, և այսօր մենք պաշտոնապես հաստատել ենք ՌՖՄ–ին, որ Կրասնոդարն ու «Կուբան» մարզադաշտը պատրաստ են անցկացնել այդ ընկերական հանդիպումը։ Մեզ մոտ առաջին անգամ չեն նման մակարդակի հանդիպումներ անցկացվում։ Մենք անգամ չենք էլ երկմտել, շատ լավ հասկանում ենք, որ սա շատ կարևոր պահ է հավաքականի համար Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու տեսանկյունից», – պարզաբանել է Պերոնկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք գրեթե առանց մտածելու համաձայնել ենք և արդեն սկսել ենք պատրաստվել այս հանդիպմանը։ Գլխավորը դաշտն ու մարզադաշտի ողջ ենթակառուցվածքը լավ նախապատրաստելն է», – շարունակել է Կուբանի ղեկավարի տեղակալը։ «Մենք փորձ ունենք։ Վերջերս անցկացրել ենք ԱՄՆ–ի և Ռուսաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Սա հաճելի նորություն է մեզ, Կուբանի ֆուտբոլի և երկրպագուների համար։ Մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի հավաքականը իրեն հարմար զգա։ Վստահ եմ, որ Կրասնոդարն իր ավանդը կունենա աշխարհի առաջնությանը թիմի նախապատրաստական աշխատանքներում, հավաքականն էլ հաջող հանդես կգա Բրազիլիայում»։–0–