ՌՖՄ-ն գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հայկական թիմը ռուսական առաջնության մեջ ներառելու մասին

15.09.2011, 12:59
ՌՖՄ-ն գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հայկական թիմը ռուսական առաջնության մեջ ներառելու մասին
ՌՖՄ-ն գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հայկական թիմը ռուսական առաջնության մեջ ներառելու մասին

Ռուսական ֆուտբոլային միությունը գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հայկական թիմը ռուսական առաջնությունում ներառելու մասին, հաղորդում է lifesports.ru-ն:
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, շուտով ռուսական առաջնության ակումբների թիվը կարող է ավելանալ Հայաստանից նոր ակումբ հայտնվելու հաշվին:

Ռուսական ֆուտբոլային միության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահներ Սերգեյ Ֆուրսենկոն և Ռուբեն Հայրապետյանն ակտիվորեն բանակցություններ են անցկացնում այս նախագծի իրականացման շուրջ:

Ինչպես հայտնի է դարձել Life Sports-ին, հավակնոտ այս ծրագիրը կյանքի կոչելու երկու տարբերակ կա: Դրանցից մեկը Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբի անցումն է ֆուտբոլի ազգային լիգա (ՖԱԼ՝ առաջին դիվիզիոն):
Մյուս տարբերակը նոր ակումբ ստեղծելն է՝ հայկական ծագում ունեցող խոշոր ռուս գործարարների ներգրավման ճանապարհով: Ըստ տեղեկատվության, մի շարք պոտենցիալ ներդրողներ արդեն համաձայնություն են տվել ֆինանսական օգնության և նախագծի աննախադեպ մասնակցության շուրջ:

Եթե ՌՖՄ-ում դիվանագիտորեն խուսափում են հավակնոտ նախագծի իրականացման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններից, ապա ՀՖՖ-ում հաստատել են այդ մոդելի մանրամասնությունների քննարկման փաստը:
«Ես լիազորված չեմ քննարկել այդ հարցը, քանի որ տվյալ նախագծի մանրամասները, տարբերակներն ու դրա իրականացման ժամկետները  խոսվում են մեր ֆեդերացիաների ղեկավարների մակարդակով՝ անմիջականորեն Սերգեյ Ֆուրսենկոյի և Ռուբեն Հայրապետյանի միջև»,- Life Sports-ին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականներն այս տարի հանդիպել են Եվրո-2012 ընտրական փուլում:
Այս նախագծի իրականացումը կարող է խթան հանդիսանալ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների կողմից առավել ակտիվ բանակցությունների համար: Շուրջ կես տարի առաջ ակտիվ խոսվում էր Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնությունների հնարավոր միացման մասին, և միասնական լիգայի ստեղծման մի քանի մոդելներ էին առաջարկվում:

Եվրոպական ֆուտբոլում նույնպես նման օրինակներ կան: Օրինակ, այս սեզոնին անգլիական պրեմիեր լիգայում հանդես է գալիս Ուելսից «Սուոնսի» ակումբը, իսկ Անգլիայի դիվիզիոնի ուժով երկրորդ առաջատարներից մեկը «Կարդիֆ» ևս մեկ վալիական ակումբն է:
Բացի այդ, ֆրանսիական առաջնության ամենատիտղոսային ակումբներից մեկը «Մոնակո»-ն է, որը համանուն թագավորությունն է ներկայացնում: -0-