Շախմատի հայկական հավաքականը կարողանում է թիմային մրցաշարերում առավելագույն արդյունքներ ցույց տալ. Կրամնիկ

16.08.2011, 14:19
Շախմատի հայկական հավաքականը կարողանում է թիմային մրցաշարերում առավելագույն արդյունքներ ցույց տալ. Կրամնիկ
Շախմատի հայկական հավաքականը կարողանում է թիմային մրցաշարերում առավելագույն արդյունքներ ցույց տալ. Կրամնիկ

Շախմատի հայկական հավաքականին հաջողվում է թիմային մրցաշարերում առավելագույն արդյունքներ ցույց տալ, ասել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը «Ռ-Սպորտ» գործակալությանը։

Հայ շախմատիստներն առաջին անգամ պատմության մեջ հուլիսի 26-ին «ոսկի» նվաճեցին Չինաստանում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում։ Հայաստանը նաև Համաշխարհային շախմատային օլիմպիադայի կրկնակի հաղթող է։ 

«Հայաստանը գերազանց թիմ ունի, բայց մեր խաղացողներն իսկապես բոլոր չափանիշներով օբյեկտիվորեն ավելի ուժեղ են»,- նշել է աշխարհի նախկին չեմպիոնը։ - Բայց նրանք, չգիտես ինչպես, կարողանում են հենց թիմային մրցաշարերում առավելագույն արդյունքներ ցույց տալ։ Կարելի է, անշուշտ, ինչ-որ ծեծված խոսքեր ասել թիմային ոգու մասին, բայց մյուս կողմից, ոչ բոլոր մրցաշարերում են նրանք հաղթում, և ինձ համար դժվար է բացատրել, թե որն է նրանց գաղտնիքը»։

Շախմատիստը ենթադրել է, որ, հնարավոր է, գաղտնիքը  հայ շախմատիստների նպատակաուղղված պատրաստվածությունն է թիմային մրցաշարերին։

«Հայերը շատ երկար պատրաստվել են աշխարհի հենց այս առաջնությանը, բոլորը միասին  նստած են եղել հավաքներին։ Իսկ ահա մեր խաղացողների ժամանակացույցն ավելի հագեցած է, հավաքները շարունակվել են ընդամենը մեկ շաբաթ, ավելիի հնարավորություն պարզապես չկար։ Հնարավոր է, դրա հետ է կապված արդյունքը»,- ասել է Կրամնիկը։

Աշխարհի առաջնությունում կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը։

«Այժմ նոր գլխավոր մարզիչ կգա, և մենք, իհարկե, կմտածենք, թե ինչպես ռուսական շախմատին ավելի հարիր տեղեր զբաղեցնենք,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։ - Կփորձենք, համենայն դեպս։ Ինձ չի թվում, թե այսօր խուճապի առիթ կա։ Իհարկե, տհաճ արդյունք է, բայց ես բացարձակապես վստահ եմ, որ նման բան այլևս չի կրկնվի»։

Կրամնիկի կարծիքով, հայկական հավաքականի հաջողությունները կապված չեն երկրում շախմատի մասսայականացման ծրագրի հետ, որով այդ խաղը դասավանդվում  է դպրոցներում։

«Մենք էլ շախմատի մանկական դպրոցներ ունենք տաղանդավոր երեխաների համար, և նրանք աշխատում են,- ասել է գրոսմայստերը։ - Իսկ այն, որ մեզ համար ավելի դժվար է երկրի մակարդակով շախմատի մասսայականացման նման ճանապարհով գնալը, բնական է, մեր երկիրն ավելի մեծ է։ Ինձ թվում է, ամեն մեկն իր ուղին ունի։ Հայաստանն՝ իր, մենք՝ մեր։ Ավելի կարևոր է այն, որ Հայաստանի նախագահն այդ երկրի շախմատային ֆեդերացիայի նախագահն է, ինչն այդ մարզաձևի համար մեծ աջակցություն է»։ -0-