ՀՀ նախագահը մասնակցել է «Գրանդ սպորտ» նոր մարզահամալիրի բացմանը

28.04.2011, 12:49
ՀՀ նախագահը մասնակցել է «Գրանդ սպորտ» նոր մարզահամալիրի բացմանը
ՀՀ նախագահը մասնակցել է «Գրանդ սպորտ» նոր մարզահամալիրի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Երևանում մասնակցել է «Գրանդ-սպորտ» նոր մարզաառողջարարական և մարզաուսումնական համալիրի բացմանը, որի ստեղծման համար Գրանդ հոլդինգը 7 մլն դոլար է ներդրել։

Նախագահը շրջել է մարզահամալիրի տարածքով, ծանոթացել  թենիսի կորտերի և հարթակների պայմաններին։
Ինչպես լրագրողներին հայտնեց Գրանդ հոլդինգի հիմնադիրներից մեկը՝ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Միքայել Վարդանյանը, մարզահամալիրը Գրանդ հոլդինգ ձեռնարկությունների խմբի մասն է։

Ըստ նրա, համալիրի ստեղծման հարցում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 7 մլն դոլար։
«Մարզական ակումբների համար ֆիքսված ժամանակացույցով հասանելի գներ կսահմանվեն, իսկ ոչ ֆիքսված ժամանակացույցով այցելուների և անձնական մարզիչների  համար գները համեմատաբար բարձր կլինեն»,- նշեց Վարդանյանը։

Ըստ նրա, համալիրում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ զբաղվեն սպորտի 12 տեսակներով, առողջ ապրելակերպ վարեն, հանգստանան և ճիշտ կազմակերպեն իրենց ազատ ժամանակը։
«Բոլոր մարզադահլիճները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մեզ մոտ միջազգային որակավորում ստացած մարզիչներ են աշխատում»,- ասաց Վարդանյանը։ Նա հայտնեց, որ Գրանդ հոլդինգի ղեկավարությունը կարևորում է հայ ազգի առողջության ամրապնդումը՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» կարգախոսով։

Հայաստանում առաջին անգամ Գրանդ-սպորտի այցելուները կարող են զբաղվել սկվոշով, որը 150 տարվա պատմություն ունեցող սպորտի տեսակ է, սակայն մեծ տարածում չունի Հայաստանում։
Մարզահամալիրը նաև համալրված է 25 մետրանոց լողավազանով, որտեղ հնարավոր է  ջրային աերոբիկայի դասեր անցկացնել, մարզադահլիճով, մեծ թենիսի հրապարակով, ծովափնյա վոլեյբոլի դաշտով, որի համար արտասահմանից հատուկ ծովի ավազ է բերվել։

Մարզահամալիրը մինի-ֆուտբոլի և բասկետբոլի դահլիճ ունի, որը համապատասխանում է ՖԻԲԱ-ի չափանիշներին, ինչպես նաև՝ ալպինիզմի դասընթացների համար նախատեսված հարմարանքներ։
Տարածքում գործում են բարեր, սրճարան, երկու շոգեբաղնիք՝ տղամարդկանց և կանանց համար, պատանի այցելուների համար՝ մանկական մարզադահլիճ։

Մարզահամալիրը զբաղեցնում է 7 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք, որից 600 քառակուսի մետրը կազմում է կանաչ գոտին։ -0-