ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկն ու հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը աշխարհի առաջնության մրցաշարի ֆավորիտներն են, «Р-Спорт» գործակալությանն է հայտարարել Ռուսաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը:
Թեկնածուների մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարին մասնակցում է ութ շախմատիստ, այն կանցկացվի Կազանում մայիսի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը տեղի կունենա 2012թ.-ին:
«Ւմ կարծիքով՝ Վլադիմիր Կրամնիկն ու Լևոն Արոնյանը մրցաշարում հաղթելու առավելագույն հնարավորություններն ունեն», - հեռախոսով հայտարարել է Բարեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սակայն ափսոս, որ ըստ վիճակահանության, նրանք, ամենայն հավանականությամբ, կմրցեն մրցաշարի ավելի սկզբնական փուլերում»:
Կրամնիկը քառորդ եզրափակչում ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ և հաղթանակ տանելու դեպքում կիսաեզրափակչում կմրցի Արոնյանի հետ, եթե վերջինս հաղթանակ տանի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցեն Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գաթա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) զույգերը:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի երկրորդ մասի ներկայացուցիչներին վիճակահանության ժամանակ բախտը ժպտացել է: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր չորս գրոսմայստերներին, սակայն եթե անաչառ լինենք, ապա վիճակահանության ժամանակ նրանց բախտը ժպտացել է», - նշել է Բարեևը: «Առաջին հերթին այն պատճառով, որ նրանք խուսափել են Կրամնիկի և Արոնյանի հետ մրցելուց»:
Բնութագրելով մրցաշարի հաղթողի թեկնածուներին՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ «Արոնյանի ուժը նրա խաղի թեթևության մեջ է, նա երիտասարդ է, տաղանդավոր և վերջնական արդյունքին հասնելու հստակ նպատակ է հետապնդում»: «Իսկ Վլադիմիրի ուժը կայանում է շախմատը խորապես հասկանալու մեջ, նա հզոր է և մրցաշարային հանդիպումների մեծ փորձ ունի», - եզրափակել է Բարեևը:-0-