Ուրուգվայական ֆուտբոլի ծագող աստղ Խոակին Բոգոսյանը հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում. թերթ

29.01.2010, 12:38
Ուրուգվայական ֆուտբոլի ծագող աստղ Խոակին Բոգոսյանը հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում. թերթ

Ուրուգվայական ֆուտբոլի ծագող աստղ Խոակին Բոգոսյանը հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Թերթի տվյալների համաձայն՝ Բոգոսյանը որոշում է ընդունել հանդես գալ Ուրուգվայի հավաքականի կազմում: Ընդ որում նրա առաջին խաղը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ:

Եթե դա տեղի ունենա, ապա Բոգոսյանն արդեն երբեք չի կարող խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:

Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Բոգոսյանի հետ ընթացող բանակցությունները գտնվում են վերջին փուլում, և ֆուտբոլիստը համարյա տվել է իր համաձայնությունը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար:

Նշենք, որ Բոգոսյանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ այն բանից հետո, երբ նա «Նյուելզ Օլդ Բոյս» թիմի կազմում դարձավ Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը:-0-