Կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի մարզադպրոցներում. նախարար

14.10.2008, 19:53
Կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի մարզադպրոցներում. նախարար
Կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի մարզադպրոցներում. նախարար

Հայաստանի մարզադպրոցների կառուցվածքում լուրջ կադրային փոփոխություններ կիրականացվեն, ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Ֆեդերացիաների և սպորտային միությունների ղեկավարներին, ինչպես նաև համապատասխան նախադպրոցական վարչությանը կհանձնարարվի մեկամսյա ժամկետում լուրջ միջոցներ ձեռնարկել մարզադպրոցների կառուցվածքում արմատական փոփոխություններ, ներառյալ մարզչական և վարչական գծով փոփոխություններ կատարելու  ուղղությամբ»,- հայտարարեց նա ԱՕԿ և Սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպած հանրապետության մարզական ակտիվի համաժողովին։

Նախարարի խոսքերով, հանրապետությունում պետական ֆինանսավորմամբ գործում է բռնցքամարտի 12, ազատ ոճի ըմբշամարտի 19, հունահռոմեական ըմբշամարտի 14, ծանրամարտի 13 և ձյուդոյի 5 դպրոց։ Միաժամանակ նա նշեց, որ տվյալ դպրոցների սաները 2005-2008թթ. տարբեր առաջնություններում նվաճել են համապատասխանաբար 11, 3, 20, 32 և 5 մեդալ։

«Այս վիճակագրությունը չի կարող բավարար լինել, և դրա պատճառը, մեր կարծիքով, դպրոցների տնօրենների և մարզական ֆեդերացիաների ղեկավարների կողմից ուսումնամարզական գործընթացի ու մարզիչների գործունեության անհրաժեշտ վերահսկման պլանավորման և կազմակերպման բացակայությունն է»,- ընդգծեց նա։

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում գործում է 165 մանկապատանեկան մարզադպրոց, այդ թվում՝ 95-ը համայնքային, երկուսը՝ Կրթության և գիտության նախարարության գերատեսչության ենթակայության ներքո, 25-ը՝ Սպորտի նախարարության, 11-ական՝ «Հայաստան» սպորտային միության և «Սևան» գյուղական սպորտային միության ենթակայության ներքո և մեկը՝ ԱՕԿ-ի։ Մարզադպրոցներում ձևավորված է 3874 ուսումնական խումբ 41 մարզաձևերով, դասավանդում են 1814 մարզիչներ և ուսում է ստանում 43471 մարզիկ։

«Մարզադպրոցներ հաճախող երեխաների և երիտասարդների թիվը կազմում է հանրապետության դպրոցահասակ երեխաների ընդհանուր թվի 6,8 տոկոսը, ընդ որում այս ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան որևէ այլ զարգացած երկրում»,- պարզաբանեց նա։

Ընդ որում, Գրիգորյանի խոսքերով, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտն անընդհատ գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն են այս ոլորտին տրվող ամենամյա բյուջետային հատկացումները, մարզիկների, մարզիչների ու մասնագետների աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը, ինչպես նաև ժամանակի պահանջներին համապատասխանող մարզահամալիրների կառուցումն ու ապահովումը անհրաժեշտ սարքավորումներով։--0-