Մարզադահլիճների անբավարար քանակը խոչընդոտում է Հայաստանում բասկետբոլի զարգացմանը. Ֆեդերացիայի նախագահ

07.04.2008, 12:15
Մարզադահլիճների անբավարար քանակը խոչընդոտում է Հայաստանում բասկետբոլի զարգացմանը. Ֆեդերացիայի նախագահ

Հայաստանում բասկետբոլի զարգացմանը խոչընդոտող կարևոր պատճառներից մեկը մարզադահլիճների անբավարար քանակն է, համոզված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

«Մարզադահլիճների անբավարարությունը հատկապես կտրուկ զգացվում է մայրաքաղաքում, որտեղ մարզվում են հիմնական թիմերը», - շաբաթ օրը Երևանում ասել է Ռոստոմյանը՝ ներկայացնելով ֆեդերացիայի երկու տարվա գործունեության զեկույցը։

Միաժամանակ նա նշել է, որ երկրի մարզերում նման խնդիր չկա։ «Մայրաքաղաքի համեմատ՝ մարզերը ընդգծվում են ոչ միայն մարզադահլիճների անհրաժեշտ քանակությամբ, այլ նաև դրանց որակով, որոնց մակարդակը մոտ է կատարելության», - ավելացրել է նա։

ՀԲՖ-ի նախագահի խոսքերով, Երևանի ընդամենը 3-4 մարզադահլիճ է համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ «Հաճախ մրցումների անցկացման համար ստիպված ենք լինում դահլիճները վարձով վերցնել, սակայն դա թանկ է նստում», - ասել է Ռոստոմյանը։

Ռոստոմյանը նաև տեղեկացրել է, որ մարզադահլիճների անբավարարության և վարձակալման բարձր գների պատճառով հայ մարզիկները ստիպված են մարզական հավաքներ անցկացնել երկրի սահմաններից դուրս։ «Մեզ ավելի ձեռնտու է հավաքներն անցկացնել Վրաստանում, քան օրինակ Ծաղկաձորում», - ասել է Ֆեդերացիայի նախագահը՝ ավելացնելով, որ մարզադահլիճների անբավարարության խնդիրը «այդքան էլ շուտ չի լուծվի»։-0-