«Մորելիա-Լինարես-2008» շախմատի առաջնության երկրորդ շրջանի առաջին փուլում Արոնյանը կխաղա Տոպալովի հետ

27.02.2008, 14:55
«Մորելիա-Լինարես-2008» շախմատի առաջնության երկրորդ շրջանի առաջին փուլում Արոնյանը կխաղա Տոպալովի հետ

Փետրվարի 28-ին կայանալիք «Մորելիա-Լինարես-2008» շախմատի սուպերառաջնության երկրորդ շրջանի առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մեքսիկայի Մորելիա քաղաքում կայացած առաջին շրջանի արդյունքներով՝ Արոնյանը կիսում է 4-5-րդ տեղերը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Հայ գրոսմայստերն ունի 3,5 միավոր։

4,5 միավորով «Մորելիա-Լինարես-2008» 21-րդ կատեգորիայի շախմատի սուպերառաջնության առաջին շրջանի հաղթողն է հնդիկ Վիշվանատան Անանդը։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ալեքսեյ Շիրովն ու Վեսելին Տոպալովը, որոնք հավաքել են 4-ական միավոր։

«Մորելիա-Լինարես-2008» 21-րդ կատեգորիայի շախմատի սուպերառաջնության առաջին շրջանը անցել է Մորելիայում (Մեքսիկայում)՝փետրվերի 15-23-ը, երկրորդ շրջանը տեղի կունենա Լինարեսում (Իսպանիա)՝ փետրվարի 28-ից մարտի 7-ը։

Այս առաջնությունը անցկացվում է 1978 թ.-ից և ավելի վաղ անցկացվում էր միայն Իսպանիայի Լինարես քաղաքում։ 2006 թ.-ից սուպերառաջնության առաջին շրջանը անցկացվում է Մեքսիկայի Մորելիա քաղաքում, որտեղից գրոսմայստերները այնուհետև տեղափոխվում են Իսպանիա։-0-