Աշխարհի գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբի ընտրական փուլի խաղացանկը կորոշի ՖԻՖԱ-ն հունվարի 16-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք վիճակահանությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ որոշումն ընդունվել է նախօրեին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած Աշխարհի գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբում ընդգրկված ազգային հավաքականների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Երկար բանակցություններից հետո Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Հայաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչները եկան համաձայնության և խաղացանկը պատրաստ էր, բայց վերջին պահին խնդիրներ ծագեցին Իսպանիայի ու Թուրքիայի պատվիրակությունների ներկայացուցիչների միջև, որոնք այդպես էլ չեկան ընդհանուր հայտարարի»,-ասված է հաղորդագրությունում:
Աշխարհի գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարին կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն ինը խմբի (ութ խումբ՝ վեցական թիմերով և մեկ խումբ՝ ներառելով հինգ հավաքական)։ Անմիջապես եզրափակիչ փուլ կանցնեն խմբերի հաղթողները։
Երկրորդ տեղ զբաղեցրած ութ թիմեր կբաժանվեն զույգերի և երկու հանդիպումների արդյունքում (տանը և մրցակցի դաշտում) կխաղարկեն աշխարհի առաջնության մնացած 4 ուղեգրերը։ Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի ունեցող աշխարհի 2010 գավաթում Եվրոպական մայրցամաքը կներկայացնեն 13 հավաքականներ։ --0--