Հունաստանում անցկացվող Եվրոպայի շախմատի խմբային առաջնության չորս փուլերից հետո հայկական հավաքականները երկրորդ տասնյակում են

01.11.2007, 13:21
Հունաստանում անցկացվող Եվրոպայի շախմատի խմբային առաջնության չորս փուլերից հետո հայկական հավաքականները  երկրորդ տասնյակում են

Հունաստանում անցկացվող Եվրոպայի շախմատի խմբային առաջնության չորս փուլերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավաքել է 9,4 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 8,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին չորրորդ փուլը ավարտվել է ոչ ոքի հաշվով երկու հայկական թիմերի համար՝ տղամարդկանց հավաքականը խաղում էր Դանիայի, իսկ կանանց հավաքականը՝ Չեռնոգորիայի հետ։

Հինգերորդ փուլում տղամարդկանց առաջնությունում հայ շախմատիստների մրցակիցը կլինի Թուրքիայի թիմը, իսկ Հայաստանի կանանց հավաքականը ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ։

Փուլի չորս օրերի արդյունքներով՝ տղամարդկանց առաջնությունում խմբային հաշվով 11,5 միավորով առաջատար դիրքերում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, կես միավորով նրանց  ետ է  մնում Բուլղարիան։ Նիդեռլանդների, Սլովենիայի և Ուկրաինայի հավաքականները ունեն 10,5-ական միավոր, իսկ Չեխիան, Իսրաելն ու Ֆրանսիան՝ 10-ական միավոր։

Կանանց առաջնության ցուցակը 13 միավորով գլխավորում է Լեհաստանը, նվազագույն տարբերությամբ նրան է հետևում Հունգարիան։ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները ունեն 11,5-ական միավոր, Հունաստանը՝ 11 և Սլովենիան 10,5 միավոր։

 Շախմատի Եվրոպական խմբային առաջնությունը անց է կացվում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը՝ 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։

Մայրացամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական, յուրաքանչյուր թիմ բաղկացած է չորս հիմնական և մեկ պահեստային մասնակցից։-0-