Հայ շախմատիստները չպետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Օլիմպիադային. Վահանյան

17.06.2016, 15:59
Հայաստանը պետք է հրաժարվի Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադայի մասնակցությունից:
Հայ շախմատիստները չպետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Օլիմպիադային. Վահանյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է հրաժարվի Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադայի մասնակցությունից, կարծում է լեգենդար հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

«Կարծում եմ, որ քառօրյա պատերազմից հետո հայկական թիմի մասնակցությունը Օլիմպիադային միանգամայն անիմաստ է, սակայն խոսակցություններ կան, որ մեր շախմատիստներն ամեն դեպքում մեկնելու են: Այս հարցը դեռ որոշված չէ», - ասաց Վահանյանը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Գրոսմայստերը նաև հիշեցրեց, որ անցյալ տարի ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել են մասնակցել Ծաղկաձորում անցկացված աշխարհի թիմային առաջնությանը։

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն իր հերթին հայտարարեց, որ չի ողջունում հայ մարզիկների մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող ցանկացած մրցույթներին։

«Վերջնական որոշումը պետք է ընդունեն հենց շախմատիստները: Եթե նրանք մասկացելու պատրաստակամություն հայտնեն, մենք դրան չենք խոչընդոտի», - նշեց Խալիկյանը:

ՖԻԴԵ–ի կազմակերպված շախմատի 42-րդ օլիմպիադան տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում 2016 թվականի սեպտեմբերին:

Հայաստանի շախմատի դպրոցը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի օլիմպիադաների եռակի հաղթող է` 2006 թ.-ին Թուրինում, 2008 թ.-ին Դրեզդենում և 2012 թ.-ին Ստամբուլում: -0-