Մխիթարյանն ավարտեց կարիերան ազգային հավաքականում. ՀՖՖ նախագահն ու գլխավոր մարզիչը մեկնաբանել են ֆուտբոլիստի հայտարարությունը

04.03.2022, 13:56
Մխիթարյանն ավարտեց կարիերան ազգային հավաքականում. ՀՖՖ նախագահն ու գլխավոր մարզիչը մեկնաբանել են ֆուտբոլիստի հայտարարությունը
Մխիթարյանն ավարտեց կարիերան ազգային հավաքականում. ՀՖՖ նախագահն ու գլխավոր մարզիչը մեկնաբանել են ֆուտբոլիստի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը, ասել է. «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում»:

Նա վստահություն է հայտնել, որ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով:

«Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում», – նշել է ՀՖՖ նախագահը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը։

«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին», – նշել է Մխիթարյանը:–0–