Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններից

08.01.2016, 16:34
ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահի ընտրություններից, հաղորդում է АР–ն։
Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններից
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահի ընտրություններից, հաղորդում է АР–ն։

«Դուրս եմ գալիս ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնի համար ընթացող մրցավազքից», – ասել է Պլատինին։ «Հնարավորություն չունեմ հավասարաչափ պայքարել մյուս թեկնածուների հետ»։

Սեպտեմբերի 25–ին Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի նկատմամբ։ Նշվում է, որ նա 2011 թ.–ին անօրինական կերպով 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին։ ՈւԵՖԱ–ի նախագահը նշում է, որ այդ գումարը նա ստացել է բանավոր կերպով ձեռք բերված համաձայնության հիման վրա` 1999–2002 թթ.–ին ՖԻՖԱ–ում աշխատելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեն Բլատերին և Պլատինիին 90 օրով հեռացրել էր ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։

Դեկտեմբերի 21–ին ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեի Արբիտրաժային պալատը Բլատերին և Պլատինիին ութ տարով հեռացրեց ֆուտբոլի հետ կապված գործունեությունից։ Բացի այդ, Բլատերը տուգանվեց 50 հազար եվրոյի, իսկ Պլատինին ` 80 հազար եվրոյի չափով։

2016 թ.–ի փետրվարի 26–ին տեղի կունենան ՖԻՖԱ–ի նոր նախագահի ընտրությունները։

Պլատինին գլխավորել է ՈւԵՖԱ–ն 2007 թ.–ին, իսկ հետո երկու անգամ վերընտրվել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում։

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պլատինին 1983–1985 թթ.–ին երեք անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 1984 թ.–ին հաղթել է Եվրոպայի առաջնությունը` ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու։ Բացի այդ, իտալական «Յուվենտուսի» կազմում Պլատինին հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Չեմպիոնների լիգա)։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Պլատինին մի քանի տարի շարունակ մարզել է Ֆրանսիայի հավաքականը։ –0–