Stratfor–ը գնահատել է մոտ ապագայում հայ–ադրբեջանական լուրջ էսկալացիայի հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկյան Stratfor հետախուզական և վերլուծական կենտրոնը նոր հրապարակման մեջ գնահատել է մոտ ապագայում հայ-ադրբեջանական էսկալացիայի հավանականությունը։
Կենտրոնից նշել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 31–ին արված հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են Ադրբեջանի հետ, իսկ մնացած երկու կետերն են երրորդ երկրների ուժեր չտեղակայելը և միջազգային դատարաններում ներկայացված պահանջներից հրաժարվելը: Կենտրոնից հավելել են, որ սահմանազատման հանձնաժողովները կաշխատեն Վրաստանի և Իրանի մերձակայքում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։
«Չնայած այս հայտարարություններն ընդգծում են, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը տեսականորեն մոտ է, սահմանի ամբողջական սահմանազատման հետ կապված հարցերը, հավանաբար, կխանգարեն տեսանելի ապագայում համաձայնության ձեռքբերմանը: Բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը որպես հետաձգման հիմք կարող է օգտագործել տարաձայնությունները խաղաղ համաձայնագրի շրջանակներից դուրս հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային տարանցիկ միջանցքները և սահմանադրական փոփոխությունները», - ասվում է կենտրոնի հրապարակման մեջ։
Stratfor-ում նշում են, որ թեև տեսանելի ապագայում լուրջ էսկալացիայի սպառնալիքը, հավանաբար, շատ ցածր կմնա, սակայն լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանի սահմանազատման գործընթացն արգելակվի, քանի որ 2020 թվականի վերջից հրադադարի խախտումներն ավելի հաճախակի են դարձել: