Արցախը չի կարող ունենալ այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ. ՀՀԿ

26.12.2013, 17:28
Արցախը չի կարող ունենալ այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ. ՀՀԿ

Արցախի Հանրապետությունը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան այսօր, հինգշաբթի լրագրողներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ  Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է»,– ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ անկախ Թուրքիայի կամ Ադրբեջանի կարծիքից կամ ցանկությունից, Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է դե յուրե ճանաչված հանրապետություն դառնա, քանի որ դրա համար կան բոլոր ինչպես պատմական, այնպես էլ իրավական հիմքերը։

«Անցած 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդն ապացուցել են, որ պատրաստ են ինքնուրույն կառավարել սեփական ճակատագիրը»,– ավելացրեց Շարմազանովը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-