Արցախը կարող է իր վրա վերցնել ՄՄ պարտավորությունները միակողմանի կարգով. ռուս փորձագետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է հայտարարել, որ ստանձնում է Մաքսային միության բոլոր պարտավորությունները միակողմանի կարգով, ինչը կբացառի Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության հետ կապված խնդիրները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երեկվա հայտարարությունը։
Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված։
Ալեքսանդրովի խոսքով` ԼՂՀ–ն Հայաստանի մաս չէ նույնիսկ հայկական օրենսդրության տեսանկյունից, այդ իսկ պատճառով ԼՂՀ–ն Մաքսային միության տարածքում ընդգրկելը ոչ մի կերպ չի ստացվի։
«ԼՂՀ–ն անկախ, թեև չճանաչված պետություն է։ Այն պետք է ինքը Մաքսային միությանը միանալու հայտ ներկայացնի։ Միաժամանակ ԼՂՀ–ն կարող է հայտարարել, որ ստանձնում է ՄՄ բոլոր պարտավորությունները միակողմանի կարգով և ձևակերպի դա օրենսդրական մակարդակով` ընդունելով համապատասխան ներքին օրենքներ։ Այդ դեպքում Հայաստանը ԼՂՀ–ի հետ տնտեսական փոխգործակցության խնդիրներ չի ունենա ՄՄ–ին միանալուց հետո»,– ասաց Ալեքսանդրովը։
Նա ավելացրեց նաև, որ Նազարբաևը նման հայտարարություն է արել, որպեսզի ցույց տա, որ իրեն հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումը։ «Թեև պրակտիկայում այդ հայտարարությունը ոչինչ չի տալիս, քանի որ չի խոչընդոտում Հայաստանի մուտքին ՄՄ»,- ասաց Ալեքսանդրովը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-