Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք կարող են ուղղորդել հայ հասարակության որոշակի շրջանակների դժգոհությունը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Այսօր առկա դժգոհությունը պետք է ուղղորդվի և օգտագործվի որևէ քաղաքական ուժի կողմից, եթե նրանք ցանկանում են իշխանության գալ կամ իշխանության մասնիկ դառնալ, սակայն այսօր նման քաղաքական ուժ չկա երկրում»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա, քանի դեռ նման քաղաքական ուժ չի հայտնվել, հասարակության դժգոհությունը երկար տարիներ այդպես, որպես դժգոհություն էլ կմնա։
«Հայաստանում այսօրվա դրությամբ իրական ընդդիմություն չկա։ Նույնիսկ եթե բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն, նրանք անգամ միասին ոչինչ չեն կարողանա անել, քանի որ այս ընդդիմությունը բավարար չէ»,–ասաց քաղաքագետը։
Նա պարզաբանեց, որ դժգոհության որոշ վտանգավոր պոռթկումներ հետագայում կլինեն, սակայն լուրջ փոփոխություններ դրանք չեն բերի։
«Լուրջ քաղաքական ուժն այն է, որ կարող է փողոց դուրս բերել ոչ թե երեք հազար մարդու, այլ կես միլիոնի...Հարցն այն է, թե արդյո՞ք այսօր կես միլիոն մարդ կարող է հավատալ որևէ քաղաքական ուժի, որը չի մասնակցել նախագահական ընտրություններին և իրեն լրջորեն չի ներկայացրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,–ընդգծեց Իսկանդարյանը։
Փորձագետն ավելացրեց նաև, որ 2013թ.–ի արդյունքները ցույց տվեցին, որ առաջիկա չորս տարիների ընթացքում չի ստեղծվի որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա մրցակցել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ։
«Այսօր մենք ունենք փողոցային բողոքներ, որոնք ոչ այնքան գրագիտորեն կոչվում են «քաղաքացիական հասարակության շրջանակում անցկացվող գործողություններ»։ Իրականում սա ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական բողոք է, որը չի կարող փոխարինել դասական քաղաքական ընդդիմությանը»,– ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետը նշեց, որ հայկական իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում ցածր լեգիտիմություն են ունեցել, և այդ տեսանկյունից ընթացիկ տարում ոչինչ չի փոխվել։ –0