ՀՀ ԱԺ խոսնակի համար անհասկանալի է կոալիցիոն գործընկերների վարքը քվեարկության ժամանակ

ՀՀ ԱԺ խոսնակ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն անհասկանալի է համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների վարքը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկության ընթացքում:
Օրինագծի և հարակից օրենքների լրացումների փաթեթի համաձայն, առաջարկվում է սահմանափակումներ սահմանել խոշոր կանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ, մասնավորապես, սահմանել, որ աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման, ապրանքների (գույքի) օտարման և օգտագործման համար 3 միլիոն դրամ և ավելի գումարի դրամական գործառնությունները (7,7 հազար դոլար) կարող են իրականացվել միայն անկանխիկ ճանապարհով:
Օրինագիծը չընդունվեց առաջին ընթերցմամբ, դրա ընդունմանը կողմ քվեարկեց 51 պատգամավոր, 10 խորհրդարանական ձեռնպահ է մնացել և նիստերի դահլիճում ներկա 41 խորհրդարանական չի մասնակցել քվեարկությանը:
«Ակնհայտ է, որ օրինագծի նպատակներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը և խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումը, ստվերի դեմ պայքարը: Այդ իսկ պատճառով քաղաքական յուրաքանչյուր ուժ, որ խոսում է ժողովրդի անունից, խոսում է կոռուպցիայի մասին և վաղն իր կուրծքն է ծեծելու, պետք է մտածի այն մասին, թե ինչպես գործնականում գործը համընկնի խոսքին»,- ասաց Նիկոյանը:
Խորհրդարանի փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ խմբակցությունը չի քվեարկել այն պատճառով, որ դեմ է օրինագծին:
«Պարզապես, մենք ժամանակավրեպ ենք համարում մեր հասարակության համար նման փոփոխությունների իրականացումը, քանի որ սպասարկմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ ունենք: Թեև, իհարկե, մենք կողմ ենք երկրում կոռուպցիայի վերացմանը»,- ասաց նա: Քվեարկությանը չմասնակցեց նաև ընդդիմադիր Դաշնակցություն խմբակցությունը, որը, սակայն, ողջունեց նման օրենքի գաղափարը:
«Բազմաթիվ խնդիրներ և հարցեր են մնում, մենք բազմաթիվ առաջարկություններ ունենք: Այս փուլում մենք զերծ կմնանք քվեարկությունից, իսկ մեր հետագա դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե կընդունվեն, արդյո՞ք, մեր նկատառումները»,- նշեց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով, օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում, և խմբակցություններից և ոչ մեկը չի խոսել առաջին ընթերցմամբ այդ օրինագծի ընդունման անհնարինության մասին:
«Բոլոր առաջարկությունները վերաբերել են օրինագծի մանրամասներին: Այդ օրինագծի դեմ քվեարկելը նշանակում է քվեարկել կոռուպցիայի օգտին: Ձեռնպահ մնալը նշանակում է անհասկանալի պահվածք դրսևորել»,- ասաց նա:
Օրինագծում նախատեսված է նաև խանութներում և սպասարկման այլ կետերում անկանխիկ վճարումների ընդունման սարքերի պարտադիր տեղադրում: Բացի այդ, սահմանվել է մի դրույթ, որն արգելում է ապրանքի կամ ծառայության գնի բարձրացում անկանխիկ վճարման դեպքում:
Օրինագիծն ուղղված է հարկային վարչարարության, ստվերային տնտեսության դեմ պայքարի ուժեղացմանը, ֆինանսական միջնորդության ծավալների ավելացմանը, անկանխիկ վճարումների իրականացման կուլտուրայի ձևավորմանը:
Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, և «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: -0-