Իրանի շուրջ իրադարձությունները բացասական ազդեցություն չեն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի շուրջ ծավալված իրադարձությունները բացասական ազդեցություն չեն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԻԻՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանը:
«Մենք միշտ եղել ենք և կլինենք մեր հայ ընկերների կողքին, և այդ մասին են վկայում Իրանի և Հայաստանի նախագահների փոխայցելությունները բարձր մակարդակով»,- ասաց Սաղայանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Իրան 2011 թվականի մարտի վերջին, իսկ նույն տարվա դեկտեմբերի վերջին Երևան այցելեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Պատասխանելով այն հարցին, թե կազդեն, արդյո՞ք, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները, Սաղայանն ընդգծեց, որ «նման բան երբեք չի լինի»:
«Մենք տարբեր երկրների հետ բազմաթիվ տնտեսական նախագծեր ունենք, որոնք շարունակում ենք իրագործել: Բացի այդ, դուք, հավանաբար, նկատել եք տարեցտարի իրանցի զբոսաշրջիկների ավելացող հոսքը Հայաստան»,- ընդգծեց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ իրանական կողմը բախվում է պատժամիջոցներին 1979 թվականից՝ Իսլամական Հեղափոխությունից հետո, սակայն որևէ լուրջ հետևանքներ չեղան:
ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք այլ երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ՝ խաղաղ ատոմի փոխարեն: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի՝ էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը:
Նախորդ շաբաթվա սկզբում Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարներ հավանություն են տվել Իրանից նավթի մատակարարումների վրա արգելք դնելուն:
Դեպի ԵՄ երկրներ իրանական նավթի և նավթամթերքի արտահանման փուլային արգելք նախատեսող պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում նախատեսվում է, որ հուլիսի մեկին Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Իրանից, պետք է ամբողջությամբ դադարեցնեն արտահանումն այդ երկրից: -0-