Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հայկական իշխանությունների ճիշտ արտաքին քաղաքականության վկայությունն է. փոխխոսնակ

24.01.2012, 13:56
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հայկական իշխանությունների ճիշտ արտաքին քաղաքականության վկայությունն է. փոխխոսնակ
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հայկական իշխանությունների ճիշտ արտաքին քաղաքականության վկայությունն է. փոխխոսնակ

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունումը վկայում է հայկական իշխանությունների վարած ճիշտ արտաքին քաղաքականության մասին, կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նման օրինագծի ընդունումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս տարիների ընթացքում ճկում, ճիշտ և հայամետ արտաքին քաղաքականություն են վարել», - երեքշաբթի լրագրողներին ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ ֆրանսիացի սենատորների որոշումը ցույց տվեց, որ անիրատեսական են որոշ քաղաքական ուժերի պնդումներն այն մասին, թե 2009թ.-ին սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է խոչընդոտել ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Մենք տեսանք, որ վերջին ժամանակաշրջանում Ցեղասպանության միջազգային ճանաչման համար արվեց ավելի շատ բան, քան նախկինում», - ասաց փոխխոսնակը՝ ավելացնելով, որ այս գործընթացին աջակցելու վճռականության մասին նախագահը խոսել է բոլոր միջազգային ամբիոններից:

Նա ընդգծեց, որ Սենատի որոշումը կարևոր է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլև ցեղասպանության միջազգային դատապարտման համար: «Այս իմաստով կարծում եմ, որ Ֆրանսիան ցույց տվեց, որ հետամուտ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչն օրինակ է ծառայում մյուս առաջատար երկրների համար, որոնք պետք է հասկանան, որ Ցեղասպանության ժխտումը ևս հանցանք է», - ասաց Շարմազանովը:

«Բոլոր քաղաքական ուժերի, հասարակության, սփյուռքի միասնական պայքարը պետք է շարունակվի մինչև Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը», - ավելացրեց նա:

Ֆրանսիայի Սենատը նախօրեին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011 թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Օրինագծի պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-