Ֆրանսիայի Սենատն, ամենայն հավանականությամբ, կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. թուրքագետ
Ֆրանսիայի Սենատն, ամենայն հավանականությամբ, կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ֆրանսիայի Սենատը նախատեսում է երկուշաբթի տեղական ժամանակով 15:00-ին (հայկական ժամանակով 18:00-ին) քննարկել ցեղասպանությունների, այդ թվում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը:
«Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա: Առաջին հերթին նման եզրակացություն կարելի է անել Թուրքիայում այդ թեմայով տեղի ունեցած քննարկումներից, ելնելով թուրքական կողմի, թուրք պետական գործիչների արձագանքից: Հիմնվելով նրանց արձագանքի վրա՝ կարող են պնդել, որ օրինագիծը կընդունվի, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա», - երկուշաբթի լրագրողներին ասաց Չաքրյանը:
Թուրքագետի խոսքով՝ եթե օրինագծում գոնե մեկ բառ փոխվի, ապա փաստաթուղթը կվերադարձվի սկզբնական փուլ: «Չնայած թուրքական կողմը բացառում է նման տարբերակը: Այս հարցում նրանք ավելի հոռետեսական են տրամադրված, այդ պատճառով մենք պետք է լավատեսորեն տրամադրվենք», - ասաց Չաքրյանը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ այս օրինագծի ընդունումը էական ազդեցություն չի ունենա Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների վրա:
Թուրքագետի խոսքով՝ նման բան արդեն տեղի է ունեցել 2001 թ.-ին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, իսկ թուրքական կողմը փորձեց բոյկոտել նման որոշումը՝ սպառնալով խզել բոլոր հարաբերությունները Ֆրանսիայի հետ:
«Այս ամենի արդյունքում թուրք-ֆրանսիական հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում ավելի ամրապնդվեցին», - նշեց Չաքրյանը:
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Ֆրանսիան թուրքական տնտեսության առանցքային ներդրողներից է, այդ պատճառով եթե անգամ Անկարան որոշի հրաժարվել Փարիզի հետ փոխգործակցությունից, դրանից ավելի շատ կտուժի հենց թուրքական կողմը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011 թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-