ՌԴ ԱԳ փոխնախարարը Վաշինգտոնում քննարկել է Ղարաբաղի խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության հարցերը

20.01.2012, 11:18
ՌԴ ԱԳ փոխնախարարը Վաշինգտոնում քննարկել է Ղարաբաղի խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության հարցերը
ՌԴ ԱԳ փոխնախարարը Վաշինգտոնում քննարկել է Ղարաբաղի խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսի հետ քննարկել է Հարավային Կովկասի, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման խնդիրների հետ կապված հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը:

«Կառուցողական մթնոլորտում քննարկվել են ռուս-ամերիկյան փոխգործակցության հրատապ հարցերը, այդ թվում նաև Հարավային Կովկասին, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրները», - նշվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային այլ հարցերին:

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է նաև ամերիկացի հեղինակավոր քաղաքագետների հետ, ովքեր զբաղվում են Ռուսաստանի և նրա հարևանների հետ հարաբերությունների վերլուծությամբ: Նա, մասնավորապես, հանդիպել է Ֆիոնա Հիլլի («Բրուքինգսի համալսարան»), Անժելա Սթենթի (Ջորջթաունի համալսարան) և Ուիլյամ Հիլլի (Ազգային ռազմական քոլեջ) հետ:

Չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է շարունակել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-