ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ տեղեկացնի աշխարհին ղարաբաղյան հակամարտության էության մասին. Դեմկուս

16.11.2011, 16:09
ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ տեղեկացնի աշխարհին ղարաբաղյան հակամարտության էության մասին. Դեմկուս
ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ տեղեկացնի աշխարհին ղարաբաղյան հակամարտության էության մասին. Դեմկուս

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում հանրապետության ԱԳՆ-ին ակտիվացնել քարոզչությունը ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության էության մասին իրազեկելու նպատակով, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ինչպես կարծում է Սարգսյանը, ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի անդամ-երկրների ոչ բավարար իրազեկվածությունն է պատճառ դարձել, որ 155 պետություններ կողմ են քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: 

Սարգսյանը հատուկ կարևորեց հակամարտության իրավական հիմքերը՝ նշելով, որ միջազգային մակարդակով դրանց լուսաբանումը հնարավորություն կտա ամբողջովին հերքել պաշտոնական Բաքվի կողմից տարածվող կեղծ լուրերը և պատկերացումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը, հայտարարելով Ադրբեջանի կազմից իր դուրս գալու մասին, իբր «խախտել է տարածքային ամբողջականության նրա իրավունքը»: 
Այդ կապակցությամբ նա նշեց, որ այդպիսով անուղղակիորեն կճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման փաստը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-