Երևանի քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածուն Տարոն Մարգարյանն է
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածուն դարձավ առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա թեկնածությունը Երևանի Ավագանու խորհրդի այսօրվա նիստում ներկայացրեց Հայաստանի Հանարպետական կուսակցության խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը:
Խորհրդում ներկայացված երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», հայտարարեց Մարգարյանին սատարելու մասին:
Երևանի քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 15-ին անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի քաղաքապետարանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հոկտեմբերի 31-ի նիստում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով ներկայում զբաղեցնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:
Տարոն Մարգարյանը Հայաստանի՝ 2007 թվականին մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր որոշումը բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 46 հոդված-ի 1-ին մասի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի երկրորդ կետի համձայն, արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
ՀՀԿ-ն Ավագանում խորհրդում ամենաշատ (37) տեղն ունի: Մյուս կոալիցիոն կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, ունի 17 տեղ:--0-