Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հերքում է Հայաստանի նախագահի այցը չեղյալ համարելու մասին լուրերը

07.11.2011, 18:59
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հերքում է Հայաստանի նախագահի այցը չեղյալ համարելու մասին լուրերը
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հերքում է Հայաստանի նախագահի այցը չեղյալ համարելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմեբրի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին լուրերը:
«Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը։ Նման բան չկա, եւ ես այստեղ եմ գտնվում Հայաստանի նախագահի այցը կազմակերպելու համար», - ընդգծել է Վաշաձեն Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից անմիջապես հետո։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու այցը, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այդ մասին լրացուցիչ կհայտարարեն։

Հոկտեմբերին վրացական աղբյուրները, վկայակոչելով երկրի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեին, հաղորդել էին, որ Սերժ Սարգսյանը Թբիլիսի է այցելելու նոյեմբերի սկզբին։

Հայաստանի արտգործնախարության խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, հայտարարել էր, որ նոյեմբերի առաջին կեսին երկրի նախագահի որևէ արտասահմանյան այց նախատեսված չէ։

Դա առիթ տվեց Հայաստանի նախագահի այցը չեղյալ հայտարարելու մասին ենթադրությունների։ Մասնավորապես, որպես դրա հնարավոր պատճառ նշվում էր Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած այն հայտարարությունը, թե Վրաստանը ընդամենը մի քանի ժամում կարող էր լուծել սողանքի հետեւանքների վերացման խնդիրը։