ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն քաղաքական որոշ ուժերից նախընտրական ժամանակահատվածում միավորման և համագործակցության առաջարկություններ է ստացել, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ զերծ մնալով քաղաքական ուժերի կոնկրետ անուններ նշելուց:
«Մենք կմտածենք այդ առաջարկությունների շուրջ: Մեզ պետք է դիմեն գաղափարախոսական հիմքի վրա: Բացի ՀՅԴ-ից, Հայաստանում հաջողության իրական հնարավորություններ ունեցող, հասարակության մեջ ճանաչելի և միևնույն ժամանակ իրականում իր գաղափարներին հավատարիմ սոցիալիստական այլ ուժ, ցավոք, կամ չեմ տեսնում առհասարակ, կամ էլ տեսնում եմ շատ չնչին թվով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, խորհրդարանի միջոցով որակյալ փոփոխությունների ապահովման համար անհրաժեշտ է այդ կառույցում ունենալ թվային այնպիսի ներկայացվածություն, որը թույլ կտա տեխնիկապես իրականացնել դա:
«Կարծում եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում կարելի է արթնացնել հասարակությունը և, մեծ հավանականությամբ, խորհրդարանի ընդդիմադիր համատեղ ուժերի ներկայացվածությունը կարող է գերազանցել 50 տոկոսը»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ՀՅԴ-ն, արդյո՞ք, մտադիր է նախաձեռնել նախագահի հրաժարականի գործընթացը, Հովհաննիսյանն ասաց, որ նման գործընթաց սկսելու համար պետք է հաջողության հասնել խորհրդարանական ընտրություններում:
«Պարտադիր չէ, որ գործընթացը սկսվի հենց հաջորդ օրը, սակայն մեր ձեռքերում կհայտնվի մի մեխանիզմ, որը կզսպի իշխանություններին և կստիպի նրանց ավելի խելամիտ գործել»,- պարզաբանեց նա:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի գարնանը: -0-