Կրեմլում ռուս-հայկական ընդլայնված կազմով բանակցություններ են ընթանում

24.10.2011, 14:55
Կրեմլում ռուս-հայկական ընդլայնված կազմով բանակցություններ են ընթանում
Կրեմլում ռուս-հայկական ընդլայնված կազմով բանակցություններ են ընթանում

Կրեմլում ռուս-հայկական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում նախատեսվում է համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի պետությունների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևից և Սերժ Սարգսյանից, բանակցություններին մասնակցում են ռուսական կողմից՝ ԱԳ նախարարը, ՌԴ նախագահի օգնականը, մշակույթի, տրանսպորտի, սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության, տնտեսական զարգացման, կրթության և գիտության նախարարները, ինչպես նաև Ռոսպոտրեբնադզորի ղեկավարները, Ռուսական երկաթուղու նախագահն ու Գազպրոմի վարչության փոխնախագահը:

Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են ՀՀ արտգործնախարարը, կրթության և գիտության, էկոնոմիկայի, առողջապահության, մշակույթի, սփյուռքի նախարարները, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԱԺ-ի ներկայացուցիչներն ու նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը:

Ինչպես ակնկալվում է, բանակցությունների և փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտից հետո Մեդվեդևն ու Սարգսյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Երկուշաբթի ավելի վաղ բանակցություններ են անցել նեղ շրջանակով:-0-