Մեդվեդևն ու Սարգսյանը բանակցություններ են վարում Կրեմլում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում բանակցություններ է վարում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ սրտանց ողջունել Ձեզ Մոսկվայում, ևս մեկ անգամ նշել, որ այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ, իսկապես, շատ կարևոր է, քանի որ այն նշանավորվեց բազմապլան և դաշնակցային փոխգործակցությանը վերաբերող մի շարք շատ կարևոր որոշումներով», - ասել է Մեդվեդևը՝ բացելով նեղ կազմով բանակցությունները:
Նրա խոսքերով՝ Սարգսյանի այս այցը պետական այցի կարգավիճակ ունի և խորհրդանշում է ռազմավարական գործընկերության հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանն ու Հայաստանը:
«Չնայած այցը պետական է և պետք է հանդիսավոր լինի, գեղեցիկ միջավայրում, ինչպես դա սովորաբար լինում է, սակայն միաժամանակ այն աշխատանքային այցին բնորոշ գծեր ունի, քանի որ մենք այսօր պետք է լայնամասշտաբ բանակցություններ վարենք և նեղ, և լայն կազմով, քննարկենք երկկողմ և միջտարածաշրջանային համագործակության բոլոր թեմաները, իհարկե, զրուցենք տնտեսական համագործակցության, ռազմատեխնիկական համագործակցության, մեր բազմաշերտ կապերի մասին, և այն մասին, թե ինչպես պետք է առաջնահերթություններ կառուցենք տարածաշրջանային համաժողովների, այդ թվում նաև մեր դաշնակցային կառույցների շրջանակներում, ինչպիսին է ՀԱՊԿ-ն», - ասել է ՌԴ նախագահը:
Մեդվեդևն ավելացրել է, որ բանակցությունների ժամանակ անդրադարձ կկատարվի նաև այլ հարցերի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:
«Մենք գոհ ենք պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների, նախարարական մակարդակով գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակից: Մենք այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որի պարագայում կարելի է քննարկել ցանկացած հարց, և իմ կարծիքով՝ դա ամենակարևոր բանն է», - ասել է Սարգսյանը:
Նա նաև նշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը: «Չնայած ճգնաժամին՝ մենք ունենք ապրանքաշրջանառության, ներդրումների ամենամյա աճ», - ասել է ՀՀ նախագահը:
«Ուրախ եմ, որ այսօր կստորագրենք մարդասիրական մեծ պայմանագիր, քանի որ այդ կողմը մեզ համար ևս կարևոր է», - ավելացրել է Սարգսյանը:
Նեղ շրջանակով հանդիպումից հետո, ինչպես ակնկալվում է, հայ-ռուսական բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով, ինչից հետո Մեդվեդևն ու Սարգսյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:-0-