Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ համագործակցության զարգացմամբ. Նալբանդյան

21.10.2011, 15:42
Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ համագործակցության զարգացմամբ. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն Իտալիայի Սենատի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը  նշել է իր երկրի շահագրգռվածությունը Հռոմի հետ հարաբերությունների զարգացմամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպական միության քաղաքականության հարցերով իտալական Սենատի հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդին,  Կրիստիանո դե Եկերը և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ
Ալբերտինա Սոլիանին:

«Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե' երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ»,- հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
ԱԳՆ ղեկավարը միաժամանակ ընդգծել է խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:

Իտալացի խորհրդարանականներն իրենց հերթին նշեցին, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով: Նրանք հավաստիացրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործին:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության,  տարածաշրջանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: -0-