ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին ուրբաթ օրը չգնալ Երևանի կենտրոն ընդդիմության հանրահավաքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել ուրբաթ օրը հեռու մնալ Ազատության հրապարակից, որտեղ տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը և դրան հաջորդող երթը քաղաքի կենտրոնական փողոցներով:
«Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են դիմակայության վերածվել և, հնարավոր է, հանգեցնել բռնության առանց նախազգուշացման»- ասվում է դեսպանության կայքում:
ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորին չափ խուսափել ցույցի անցկացման վայրից (Ազատության հրապարակ), ինչպես նաև երթի ժամանակ Երևանի կենտրոնական փողոցներում գտնվելուց:
«Դուք պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեք, քանի որ երթի ժամանակ հնարավոր է, դժվարացած լինի տրանսպորտի երթևեկը: Իրադարձությունների զարգացմանը հետևեք ԶԼՄ-ների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, սեպտեմբերի 30-ին ծրագրված ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը «պետք է վճռական լինի մասնակիցների ակնկալվող մեծ թվի շնորհիվ»: Իշխանությունների նկատմամբ հիմնական պահանջը խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Իշխանությունները մերժում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թվականի փետրվարին: -0-