ԱՄՆ-ն լեգիտիմ չի համարում Աբխազիայի ընտրությունները. պետդեպարտամենտ

30.08.2011, 13:34
ԱՄՆ-ն լեգիտիմ չի համարում Աբխազիայի ընտրությունները. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն Աբխազիայում անցկացված ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում և կրկին արտահայտվում է Վրաստանի տարածքային ամբողջականության և սուվերենիտետի օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օգոստոսի 26-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ալեքսանդր Անկվաբը, ով հավաքել է առաջին փուլում ձայների 54,9 տոկոսը։

«ԱՄՆ-ն չի ճանաչում վրացական տարածքի մաս կազմող Աբխազիայում օգոստոսի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Մենք հաստատում ենք Վրաստանի սուվերենիտետին և տարածքային ամբողջականությանն ուղղված մեր աջակցությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը կոչ է արել նաև Ռուսաստանին կատարել 2008 թվականի հակամարտությունից հետո ստորագրված հրադադարի համաձայնագրի պայմանները։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում առկա պարտավորությունները՝ ներառյալ զորքերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր, և տարածաշրջանին մարդասիրական օգնության ազատ մուտք տրամադրել»,- նշել է Նուլանդը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավաբանական շրջանակները։

Աբխազիայի ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացումը կապված է մայիսի 29-ին նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան հետ։ Պետական բարձրագույն պաշտոնին են հավակնել փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և «Աբխազիայի ժողովրդական միաբանության ֆորում» ընդդիմադիր կուսակցության Ռաուլ Հաջիմբան։ -0-