Ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվզն ու Քեթրին Ջեյն Լիչը նշանակվել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպաններ, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպան Չարլզ Ջոն Լենսդեյլը կանցնի դիվանագիտական այլ աշխատանքի։
Էյվզն ու Լիչն իրենց պաշտոնը կստանձնեն 2012 թվականի հունվարին։
Դեսպանների մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պարտականությունները նրանք կկատարեն հերթափոխով յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ։
Էյվզն աշխատում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում 1996 թվականից, իսկ Լիչը՝ 2000 թվականից։
Մինչ այդ նրանք աշխատել են գիտական ոլորտում և սոցիոլոգիական հետազոտությունների բնագավառում և Հարավային Կովկասի մասին բազմամյա փորձ ու գիտելիքներ ունեն։ Վերջին ժամանակներում համատեղ աշխատել են Տոկիոյի և Մոսկվայի բրիտանական դեսպանություններում։ 2011 թվականին Էյվզը Մեծ Բրիտանիան ներկայացրել է Լիբիայի, Սիրիայի և Իրանի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների Խորհրդում։
Ամուսիններն ունեն երեք երեխա։ -0-