Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական սահմանի բացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. «Հայկական ժամանակ»

07.12.2009, 11:02
Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական սահմանի բացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. «Հայկական ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ադրբեջանական ANS հեռուսաալիքին։

Էրդողանը պատրաստվում է քննարկել տվյալ հարցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

«Մենք հենց սկզբից հայտարարում ենք ամերիկյան իշխանություններին՝ եթե դուք կարգավորեք ղարաբաղյան հակամարտությունը, ապա դրանով իսկ կլուծեք հայ-թուրքական խնդիրները»,- հայտարարել է թուրք վարչապետը։

Ըստ նրա՝ ինքն անմիջականորեն հայտարարել է իր դիրքորոշումն այս հարցում Դմիտրի Մեդվեդևին և Բարաք Օբամային։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն ասել են, որ կարագացնեն գործընթացը, գրում է թերթը։

«Եթե Օբաման և Մեդվեդևը կամք դրսևորեն, և Սարգսյան-Ալիև հանդիպումներում առաջընթաց արձանագրվի, ապա միայն այդ ժամանակ ես կհավատամ դրական արդյունքին։ Եթե ղարաբաղյան հարցը լուծվի, այդ ժամանակ իրենց լուծումը կստանան նաև հայ-թուրքական խնդիրները»,- հավելել է Էրդողանը։ -0-