Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ԱԳՆ

21.10.2009, 19:08
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ԱԳՆ
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում Հայաստանի հետ կնքված երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունների վավերացման օրինագծերը կառավարության կողմից մեջլիս ուղարկելու առնչությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

«Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը մեր երկրի շուրջ խաղաղության, բարգավաճման ու կայունության գոտի ստեղծելն է»,- ասել է Դավութօղլուն՝ դիմելով խորհրդարանականներին: «Ներկայումս Կովկասում ստեղծված ստատուս-քվոն չի համապատասխանում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի շահերին, այդ իսկ պատճառով թուրքական կողմն իրականացնում է «նախաձեռնություններ՝  ուղղված խաղաղ ճանապարհով դրա փոփոխությանը՝ նոր ռիսկերի և լարվածության տարածքների ի հայտ գալը թույլ չտալու համար»,- հավելել է նախարարը:

Ըստ նրա՝ արձանագրությունները ստորագրելով Անկարան երեք հիմնական նպատակ է հետապնդում. բարիդրացիական հարաբերությունների հաստատում Հայաստանի և Թուրքիայի միջև, ամուր «կապուղու» ստեղծում հայերի և թուրքերի միջև, ընդ որում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես նաև առաջընթացի ապահովում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մեջ, «որը վերջ կդնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը միջազգային իրավական նորմերի հիման վրա»: «Այս բոլորը մեկը մյուսին լրացնող տարրեր են»,- ասաց Դավութօղլուն:   

Թուրքական ԱԳՆ ղեկավարի ելույթը բազմիցս փորձել է ընդհատել ընդդիմությունը, որը հանդես է գալիս արձանագրությունների վավերացման դեմ և դրանց ստորագրումը համարում է դավաճանություն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին: -0-