Իրանում դատապարտված ամերիկացի լրագրողուհին ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք

15.05.2009, 12:23
Իրանում դատապարտված ամերիկացի լրագրողուհին ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք

Լրտեսության մեղադրանքով Իրանի դատարանի կողմից ութ տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի լրագրողուհի Ռոքսանա Սաբերին, ով ազատ էր արձակվել այս շաբաթ, ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք, ուրբաթ հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրբաթ տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը երեքին կամ չորսին Սաբերին Իրանից ինքնաթիռով մեկնել է եվրոպական երկրներից մեկը։

Ամերիկացի լրագրողուհին ժամանել է Վիեննա, որտեղ ծրագրում է իր ծնողների և ընկերոջ հետ մի քանի օր անցկացնել, նշում է գործակալությունը։

«Ինձ որոշ ժամանակ է անհրաժեշտ մտածելու համար այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել ինձ հետ», - ասել է Սաբերին՝ շնորհակալություն հայտնելով դժվարին պահերին իրեն աջակցողներին։

Ծնունդով իրանցի 32-ամյա լրագրողուհին, ում Իրանի դատարանը լրտեսության մեղադրանքով դատապարտել էր ութ տարվա ազատազրկման, երկուշաբթի լքել է բանտն այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը որոշել է կրճատել ազատազրկման ժամկետը մինչև երկու տարի։

Սաբերին ձերբակալվել էր հունվարի 31-ին ոգելից խմիչք գնելու պատճառով, որի վաճառքը Իրանում օրենքով արգելված է։ Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ լրագրողուհին Իրանի տարածքում աշխատել է անօրինական, քանի որ նրա հավատարմագրման քարտի ժամկետը լրացել է դեռևս 2006 թ.-ին։

Իրանի արդարադատությունն ապրիլի 8-ին լրագրողուհուն մեղադրանք էր ներկայացրել լրտեսական գործունեություն վարելու համար։ Ինչպես պնդում էր Իրանի գլխավոր դատախազի տեղակալ Հասան Հադդադը, Սաբերին համաձայնել էր մեղադրանքի բոլոր կետերի հետ։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմիցս կոչ են արել Թեհրանին՝ ազատ արձակել լրագրողուհուն։-0-