Մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին. Փաշինյան

22.10.2025, 15:00
Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք՝  Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք, ասել է Փաշինյանը
Մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին.  Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է, որ չի կիսում մեկնաբանություններն այն մասին, որ մեր տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցում են իրար հետ։

«Բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին` մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը», - նշել է վարչապետը։

Նրա խոսքով` Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղի` ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։

«Հայաստան-Թուրքիա երկոսությունը, խաղաղոությունը, որը հաստատվել է Հայաստանի և Ադրբեջաի միջև, TRIIP նախագիծը, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկների հետ Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որն այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիատալ է, որը Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը պետք է ճիշտ օգտագործեն` տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։

«Մենք ի վերջո ունենք պատմական շանս` ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս։ Ի վերջո, խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը, կոմերցիոն բեռները, խողովակաշարերը և էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը։ Եվ ահա, խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծերի, ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` սա ավելի կամրապնդի խաղաղությունը, և հույս հայտնել, որ իրենք`հարավկովկասյան 3 երկրների ղեկավարները, ունեն բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն` այդ բեռների, բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին-առանձին, այլև միասին` մյուս հարևանների և միջազգային գործընկերների հետ համագործակցված։