Ղարաբաղի մեկուսացումը բանակցություններից խոչընդոտում է հակամարտության լուծմանը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ի մեկուսացումը բանակցային գործընթացից խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը, ապա իմ կարծիքով, այս հարցը կարող են համատեղ լուծել միայն Հայաստանը, Ադրբեջանը և ԼՂՀ-ն»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա:
Իսկանդարյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխումն ապարդյուն կլինի: «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ է կատարում իր առջև դրված նպատակները, այն է՝ պահպանել տվյալ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ձևաչափը և ինտերնացիոնալիզացնել այս խնդիրը»,- նշեց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ ռացիոնալ չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի փոխարինումը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-