Ռուսաստանն անընդհատ փորձում է Ադրբեջանին վերադարձնել ղարաբաղյան խնդրի բանակցային դաշտ, և դրա վկայությունն է երկու պետությունների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Երկու պետությունների հանդիպումն անցկացվել է օգոստոսի 9-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական հարաբերությունների առանցքային, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Ալիևին Սոչի հրավիրելու փաստը վկայում է այն մասին, որ բանակցությունների ընթացքում խոչընդոտներ ստեղծող հիմնական կողմն Ադրբեջանն է»,- ասեց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, այդ հանդիպման արդյունքների մասին վերջնական դատողություններ կարելի է կատարել միայն շաբաթվա վերջում Ղազախստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, որտեղ ներկա կլինի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Քաղաքագետի կարծիքով, Ղազախստանի հանդիպումը Սոչիի հանդիպման արդյունքների առաջին ինդիկատորը կդառնա։ «Հետագայում եռակողմ բանակցությունների անցկացման մասին հարցի բարձրացման դեպքում կարելի կլինի պնդել, որ Մեդվեդև-Ալիև հանդիպումը Սոչիում արդյունք է տվել»,- նշեց նա։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրեց, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե չլինի բացարձակ վստահություն եռակողմ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ, ապա նման հանդիպումներ չեն կազմակերպվի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-