ՄԽ համանախագահները կոչ են արել ավարտել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների աշխատանքը

06.07.2010, 11:47
ՄԽ համանախագահները կոչ են արել ավարտել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների աշխատանքը
ՄԽ համանախագահները կոչ են արել ավարտել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ռոբերտ Բրադտկեն ԱՄՆ-ից և Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից երկուշաբթի Վիեննայում համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել ղարաբաղյան կարգավորման կողմերին անցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների ավարտական աշխատանքներին։

«Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման ոգով կատարել հաջորդ քայլը և անցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների ավարտին՝ խաղաղ համաձայնագրի մշակում սկսելու նպատակով»,- ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության տեքստում։

Նրանք կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994 թվականին ստորագրած հրադադարի ռեժիմը և զսպվածություն դրսևորել զորքերի շփման գծում։

Այս կապակցությամբ համանախագահները դատապարտել են հունիսի 18-19-ը կողմերի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրել է երկու կողմերի զինծառայողների կորստի՝ գնահատելով այն «որպես հրադադարի ռեժիմի անընդունելի խախտում, և կրկին հաստատել են իրենց ափսոսանքը մարդկային անիմաստ զոհերի կապակցությամբ և ուժի գործադրման իրենց վճռական դատապարտումը»։

Նրանք հույս են հայտնել նաև, որ ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների կուլուարներում հունիսի 16-17-ն Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում՝ պատվիրակությունների և արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Փաստաթղթում ասվում է նաև, որ հուլիսի 3-5-ը Բաքվում և Երևանում անցկացված հանդիպումների ընթացքում «համանախագահներն ընդգծել են իրենց երկրների հակվածությունը ղարաբաղյան հակամարտության՝ ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի Հելսինկյան սկզբունքների, պետությունների տարածքային ամբողջականության և իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման վրա հիմնված խաղաղ կարգավորման նկատմամբ»։

«Այս կապակցությամբ նրանք նշել են նաև երկու կողմերի արձանագրած առաջընթացը, ինչը կայանում է նրանում, որ Ակվիլայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների ձևավորած և դրանք 2010 թվականի հունիսի 26-ին կրկնած տարրերը պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքը»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-