ՀՅԴ-ի ներկայացուցիչները ՀՀ նախագահին հայտնել են Ղարաբաղի հարցի շուրջ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:
Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։
Նախագահ Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:-0-