Հունաստանը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման կողմնակիցն է և դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:
Նշվում է, որ վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ։
«Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-