Հայաստանն առանց նախապայմանների Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ․ ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ, «Լուրերին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ», – նշել է Բադալյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ հայկական կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ:
«Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- նշել է նա։

