ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստան ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը հումանիտար նկատառումներով կրակի դադարեցման վերաբերյալ և կոչ արել կողմերին լիարժեք կատարել իրենց վրա վերցված պարտավորությունները:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված միջնորդների հայտարարության մեջ, ԵԱՀԿ համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվորեն քննարկում են մարմինների և ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու պայմաններն ու ապահովումը:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել անվտանգության և նյութատեխնիկական աջակցության բոլոր անհրաժեշտ երաշխիքները», - նշվում է փաստաթղթում:
Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ հրադադարի ռեժիմի կոնկրետ ձևաչափերի շուրջ համաձայնության գալու և նրանց ինտենսիվ առարկայական բանակցություններն ավարտելու ուղղությամբ ջանքերին աջակցելու համար:
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–